ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Դատաքննությունը շարունակվում է, պարոնա՛յք

Դատաքննությունը շարունակվում է, պարոնա՛յք
21.11.2008 | 00:00

ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
-Պարոն Դանիելյան, նախորդ մեր զրույցն ավարտել էինք համաներման «լադի» վրա: Այդ ընթացքում որևէ բան փոխվե՞լ է:
-Ինչպես և ասել էի, համաներման հրատապությունը պայմանավորված է ոչ թե իշխանությունների, այլ ընդդիմության դիրքորոշմամբ: Այսինքն` համաներումը ոչ թե քաղաքական, այլ իրավական ակտ է (չնայած ունի քաղաքական երանգներ): Իսկ իրավական յուրաքանչյուր ակտի համար պետք են իրավական հիմքեր, որոնցից մեկն էլ այն է, որ համաներումը կիրառվում է, երբ անձը, որին մեղադրանք է առաջադրվել, ընդունում է իր մեղադրանքը: Դա այն պատճառով, որ բավարար հիմքեր լինեն եզրակացնելու` տվյալ անձն ուղղվել է: Իսկ մեզ մոտ ճիշտ հակառակ իրավիճակն է: Ուստի շատ անհասկանալի կլինի համաներում կիրառելը, որովհետև այդ դեպքում տվյալ ինստիտուտը կարժանանա հանիրավի քննադատության:
-Սկսվե՜ց: Ախր, էդպես ո՞նց կլինի, պարոն Դանիելյան, Դուք խոսում եք խնդրի իրավական կարևորության մասին, բայց ամբողջովին քաղաքական մոտեցում եք հանդես բերում։ Իրավական գործընթացը, համաներումն ի՞նչ կապ ունեն մեղքն ընդունելու հետ։ Հոկտեմբերի 27-ի համաներվածներն ընդունե՞լ էին իրենց մեղքը, որ ազատվեցին:
-Ես հենց իրավական հարթության հիմնավորումներն եմ ներկայացնում: Զուտ քաղաքական նկատառումներով, ընդհակառակը, կարող է լինել համաներում, բայց իրավական առումով այս պահին նման բան հնարավոր չէ: Հետագայում շատ կարճ ժամանակ անց, հնարավոր են և փոփոխություններ, ասել է թե` կիրառվի համաներում, որն իրավական առումով խոցելի չլինի: Բայց ողջ խնդիրն այն է, որ երբ որևէ մեկը չի ընդունում իրեն մեղսագրվող մեղքը, ապա խնդիր է առաջանում` ի՞նչն ենք ներում ընդհանրապես: Այսինքն` ընդունո՞ւմ ենք, այնուամենայնիվ, որ նա կատարել է մեղավոր արարք, թե ոչ: Եթե տվյալ անձը վիճարկում է այդ հանգամանքը, ապա պետք է դատական կարգով ապացուցի:
-Պարզ է: Իսկ հիշո՞ւմ եք, որ «իրադրության փոփոխության պատճառով» դաշնակցության ներկայացուցիչներին 98-ին ազատեցին. դա նույնպե՞ս նշանակում էր, որ իրենք ընդունել էին իրենց մեղքը:
-Այդ մարդիկ արդեն դատապարտվել էին: Իսկ մենք խոսում ենք դատարաններում ընթացող հետաքննության մասին: Այսինքն, եթե դատարանը կայացրել է դատավճիռ, և այս մարդիկ կրում են որոշակի պատիժ, սա բոլորովին այլ վիճակ է: Բայց Դուք հարցը տալիս եք մեկ այլ խմբի մարդկանց մասին, որոնց դատավճիռներն այս պահին դեռ չեն կայացվել:
-Ի՞նչ է` նպատակ կա դեռ ձգձգելո՞ւ այդ գործերն այն դեպքում, երբ ԵԽ-ն պահանջում է գործերն անհապաղ ուղարկել դատարան և արագ ռեժիմով վճիռներ կայացնել:
-Շատ ճիշտ հարցադրում կատարեցիք, բայց եկեք իմանանք` ով է ձգում այդ պրոցեսը:
-Ո՞վ է ձգում այդ պրոցեսը, պարոն Դանիելյան:
-Համենայնդեպս` ո՛չ իշխանությունները, ո՛չ դատարանները, ո՛չ դատախազությունը:
-Այդ ի՞նչ անտեսանելի ձեռքեր են սկսել գործել մեզանում. տպավորություն կա, որ վերջին շրջանում, իսկապես, բոլորն Էդգար Պո են կարդում:
-Չէ, լավ էլ տեսանելի, լավ էլ ակնհայտ է, իսկ դատական նիստերը ձգձգվում են հենց ամբաստանյալների պաշտպանական կողմից: Այսինքն` ակնհայտ է, եթե քրեական գործերի հետ ծանոթանալու համար տրվում է ողջամիտ ժամկետ, բայց պաշտպանների կողմը, այնուամենայնիվ, լրացուցիչ ժամկետ է ուզում, ի՞նչ է դա նշանակում: Եվ եթե սա դատական գործընթացի ձգձգում չէ, ապա ի՞նչ է:
-Չէ: Որովհետև դատական մարմիններն էնպես լավ-կացնով կտրում են էդ ամենը. ոչ ժամկետ են տալիս, ոչ միջնորդություններ են ընդունում:
-Անպայման կկտրեն, որովհետև պարտավոր են նաև. եթե տեսնում են, որ պաշտպանը, իսկապես, չարաշահում է իր լիազորությունները և տրված ողջամիտ ժամկետում չի ցանկանում ծանոթանալ գործին, իհարկե, կգա մի պահ, երբ դատարանները կասեն` հարգելիներս, պետք է դատաքննությունը շարունակվի:
-Մի խոսքով, ոնց երևում է, իշխանությունները չեն ցանկանում համաներում հայտարարել ու մարտի մեկի էջը, գոնե այդ չափով, փակել: Արդյունքում բանը կհասնի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին` համապատասխան հետևանքներով ու պատժամիջոցներով հանդերձ:
-ԵԽԽՎ-ն պետք է իրերի վիճակը գնահատի հա-մար-ժե-քո-րեն, փորձի հասկանալ՝ ձգձգումներն ո՞ւմ նախաձեռնությամբ են կատարվում: Սոսկ փաստը, ինչի վրա շատերը հույս են դնում, դեռ բավարար չէ գնահատականներ տալու համար, հարկավոր է հասկանալ` իրավիճակն ինչի՞ արդյունք է:
-Ոնց տեսնում եմ, մենք այսօր կրկին նույն կետում ենք ավարտելու` «Մի չհայտարարված համաներման պատմություն» հավերժ խորագրով: Եվ, այնուհանդերձ, պարոն Դանիելյան, այսօր Դուք պակաս մարտական եք, քան էի՛ք մեր նախորդ զրույցի ժամանակ:
-Ինչո՞ւմ եմ պակաս մարտականություն դրսևորում:
-Նախորդ անգամ Դուք կտրուկ ժխտեցիք համաներման հանգամանքը: Իսկ հնարավո՞ր է կարծել, որ իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր անում են, պարզապես չգիտեն` ինչպես անել և «ումով»:
-Ես տեղյակ չեմ, պարզապես, որպես իրավաբան, հայտնեցի իմ կարծիքը. այն է` այս պահին և անցած ժամանակահատվածում համաներում կիրառելու համար իրավական խոչընդոտներ են ստեղծվում, և այդ խոչընդոտների ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ընդդիմադիրներին:
-Մի խոսքով, իշխանությունները, իրավապահ համակարգը, հայտնվել են փակուղու մեջ և փակուղուց դուրս գալու լուծումներ, կարծես թե, չունեն: Եվ ուզում եք, որ Ձեզ օգնի ընդդիմությունը: Ասել է` կույս մնալ և հաճույք ստանալ` իրավական ու քաղաքական որոշման «արանքներում»:
-Ո՜չ: Դա ճիշտ նույնակերպ, ինչպես Դուք ասացիք, վերաբերում է նրանց, ովքեր ձգձգում են գործընթացը և ուզում են, իսկապես, այդ ամբողջ մեղքը բարդել իշխանությունների վրա:
-Համաձայն չեմ։ Եթե իշխանությունները ցանկանում են համաներում հայտարարելու քաղաքական կամք դրսևորել, վերցնում և համաներում են հայտարարում: ՈՒ վերջ:
-Ի՞նչ է` Ձեզ թվում է՝ ես մինչև հիմա համոզո՞ւմ էի։ Ես ընդամենը պատասխանում էի Ձեր հարցերին
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 3455

Մեկնաբանություններ